#1. Դպրոցն ավարտելու 30-ամյակը, 1983-ի Ռեյգանն ու այսօրվա Պուտինը Բարի երեկո, սիրելի ընթերցող: Վաղուց ձեզանից նամակներ չեմ ստացել, այնինչ ինձ շատ հետաքրքիր եւ օգտակար կլինի իմանալ՝ արդյո՞ք հավանում եք այս նամակները կամ ինչը կցանկանայիք փոխել: Երևի, նկատել եք, որ փորձում եմ գրել տարբեր ձեւաչափերով, ուստի ձեր արձագանքները կօգնեն գտնել «ոսկե միջինը»: Առաջիկա շաբաթ օրը հրավիրված եմ Պուշկինի անվան դպրոց: Դպրոցն ավարտելու 30-ամյակի կապակցությամբ միջոցառում են կազմակերպել, որտեղ, եթե ճիշտ եմ հասկացել, հանդիպելու են 1992 եւ 2022 թվականի շրջանավարտները: Իմ դպրոցական գրեթե բոլոր ընկերների հետ կապը պահում եմ, բայց շաբաթ օրը, կարծում եմ, կտեսնեմ մարդկանց, ում չեմ հանդիպել երեք տասնամյակ: Այսօր լավ առիթ է խոստովանելու մի արարքի մասին, որը գործել եմ 32 տարի առաջ, բայց որի համար առ այսօր շատ եմ ափսոսում: 1990-1991 թվականներին դպրոցում հրատարակում էինք Դիալոգ թերթը եւ հոդվածներից մեկում գրել էի այն մասին, որ առաջին կամ երկրորդ դասարանում մեր դասղեկ Անտոնինա Խրիստոֆորովնան ասում էր, որ ԱՄՆ նախագահ Ռեյգանը «խելագար ծերունի է, որը ցանկանում է ոչնչացնել աշխարհը միջուկային զենքի միջոցով»: Քամահրանքով էի գրել՝ այնինչ Անտոնինա Խրիստոֆորովնան մեր սիրելի ուսուցչուհին էր եւ մեծ դեր էր խաղացել իմ եւ ընկերներիս կայացման մեջ: Բայց երբ 14-15 տարեկան ես ու ազատամիտ դպրոցական թերթ ես խմբագրում, չես հասկանում, որ «5 րոպե փառքի համար» չի կարելի անտեսել այն, ինչը թանկ է քեզ համար: Կրկնվեմ, անցել է 32 տարի, բայց ինքնս ինձ չեմ ներում: Այսօր առավոտյան մարզասրահում հեծանիվ վարելիս դիտում էի ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսության «Մեժդունորադնայա Պանորամա» հաղորդման 1983 թվականի օգոստոսի թողարկումներից մեկը: Դրանում 10 րոպեանոց սյուժե կար աշխարհում միջուկային զենքի արգելքը քարոզող միջազգային հեծանվավազքի մասին, որին մասնակցում էին ԽՍՀՄ, ԱՄՆ եւ եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներ: Մասնակիցները հեծանվավազքն իրականացրել էին ԽՍՀՄ, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի տարածքում, այնուհետեւ փոխադրվել էին ԱՄՆ եւ արշավն ավարտել այնտեղ՝ Նյու Յորքում հանդիպելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պերես դե Կուելյարին: Նայում ու մտածում էի, որ 1983-ին ԽՍՀՄ-ն հանդես էր գալիս միջուկային զենքի լիակատար արգելքի օգտին (կամ գոնե այդպես էր ներկայացնում), իսկ 39 տարի անց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ միջուկային զենքն այն խաղաքարն է, որով պայմանավորված աշխարհը չի կարող հաշվի չնստել իր հետ: Արա Թադեւոսյան |