# 21. Zildjian-ի վերադարձը հայրենիք, քաղաքի կենսագրությունը եւ ՀԱՊԿ-ի անեծքը Բարի օր, սիրելի ընթերցող: Ուրբաթ օրերին սովորաբար խմբագրում եմ այն նյութերը, որոնք ձեզ ներկայացնելու ենք շաբաթ եւ կիրակի: Սա տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթ ու երբ լինում են շաբաթներ, որ շաբաթ-կիրակի օրերի համար նախատեսված լավ հրապարակումներ չենք ունենում, շատ եմ նեղսրտում: Փառք Աստծո, այսօր այդ օրը չէ:) Առաջիկա հանգստյան օրերին ձեզ ենք ներկայացնելու պատմություն այն մասին, թե ինչպես է 400-ամյա պատմություն ունեցող լեգենդար Zildjian բրենդը վերադառնում հայկական արմատներին: Միգուցե, արդեն տեղյակ եք, որ Մոսկվայում լույս է տեսել լրագրող, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի «Ереван. Биография города» գիրքը: Հանգստյան օրերին կներկայացնենք մեր զրույցը Մարկի եւ նրա հրատակիչների՝ Գրիգորի Երիցյանի եւ Նատալյա Ավետիսյանի հետ, որոնք հեռավոր 1989 թվականին Մոսկվայում հիմնադրել են «СЛОВО/SLOVO»-ն՝ Ռուսաստանի առաջին մասնավոր հրատարակչություններից մեկը։ Մարկի գիրքը մեկ թերություն ունի՝ շատ թանկ է. «Զանգակ» գրատանը վաճառվում է 30 հազար դրամով: Մեր ավանդական «Գրքերի տաղավարում» պատմելու ենք Լուսինե Հովհաննիսյանի «Երեւա, երեւա, Երեւան» գրքի մասին, որն այսօր է դուրս եկել տպարանից եւ գրախանութների ճանապարհին է: Ահա մի հատված մեր զրույցից. «Քանդվող քաղաքը կա այնքան ժամանակ, քանի դեռ կան այդ քանդված կամ քանդվող քաղաքը տեսած ու այն ոչ որպես ընդամենը բնակավայր ընկալած մարդիկ։ Ես ամեն օր Սայաթ-Նովայով ու Աբովյանով անցնելիս տեսնում եմ Լեզվի ինստիտուտը, երբ Տերյանի կողմից մտնում եմ Սայաթ-Նովա, պատկերացնում եմ այդ ինստիտուտի ինձ ընդառաջ եկող կանանց ու տղամարդկանց կերպարները, նրանց քայլելու ձեւը։ Երբ հասնում եմ Մաշտոց-Խորենացի խաչմերուկին, անպայման հիշում եմ մորս ռումինահայ ընկերուհի Փիրուզին, որն այդ անկյունից վայրի մեխակներ էր առնում իր եւ մեր տան համար ու ինչ եղանակ էլ լիներ, ինչքան էլ ձեռքի բեռը ծանր լիներ՝ բերում էր ծաղիկները մեր տուն, որովհետեւ ինքը էսթետ էր»։ Հուսով եմ, որ իսկապես կվայելեք շաբաթ եւ կիրակի օրերը՝ ընդ որում, ոչ միայն մեր հրապարակումները ընթերցելով: Ի տարբերություն մեզ, հասարակ մահկանացուներիս, Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին պատրաստվելու է երկուշաբթի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Անկախ իմ անձնական վերաբերմունքից, ես նրան չեմ նախանձում, քանի որ պետք է ճառ ասի «դաշնակիցների» հավաքին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ բոլոր անդամներն իրականում Ադրբեջանի բարեկամներն են: Եվ եթե Ռուսաստանը լավ կամ վատ փորձում է պահել պարիտետը, ապա մնացածը չեն էլ թաքցնում, որ իրենց իրական բարեկամը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը: Այս վիճակը ամեն ինչում «նախկիններին» մեղադրող Փաշինյանն իսկապես ժառանգել է՝ ընթացքում էլ ավելի վատթարացնելով վիճակը: Անկախ նրանից, թե ով է ավելի շատ մեղավոր, ծանր է գիտակցել, որ մի ռազմաքաղաքական դաշինքի անդամ ես, որի անդամները ոչ միայն քեզ չեն աջակցում, այլեւ չեն թաքցնում, որ քո հակառակորդի բարեկամներն են: Արա Թադեւոսյան |