#20.Կրավչուկի մահը, Ալիեւի 99-ամյակը եւ Քոչարյանի պատմած անեկդոտը

Բարի երեկո, սիրելի ընթերցող:

Մայիսի 10-ին 89 տարեկան հասակում մահացավ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը: Դրանից մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր Բելառուսի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը, նա էլ 88 տարեկան էր:

Կրավչուկը, Շուշկեւիչը եւ Ռուսաստանի նախագահ Բորից Ելցինը (որը մահացել էր 1997 թվականին՝ 76 տարեկան հասակում) 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրեցին ԱՊՀ ստեղծելու մասին Համաձայնագիրը, որում փաստեցին, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ որպես «միջազգային իրավունքի եւ աշխարհաքաղաքական իրականության սուբյեկտ»:  Զբիգնեւ Բժեզինսկին հետո գրելու էր, որ հենց Ուկրաինան խանգարեց, որպեսզի «ԱՊՀ-ն դառնա ավելի համադաշնային ԽՍՀՄ-ի նոր անվանումը»:

Անկախ նրանից, թե ինչ էին մտածում Կրավչուկը, Շուշկեւիչը եւ Ելցինը 1991 թվականի դեկտեմբերին, դժվար թե նրանք ենթադրեին, որ 32 տարի անց Ռուսաստանը պատերազմ է վարելու Ուկրաինայի դեմ:

Դժվար թե նման բան անցներ նաեւ շատ ավելի փորձառու Հեյդար Ալիեւի մտքով, ում 99-ամյակը մայիսի 10-ին տոնում էին Ադրբեջանում:

1991 թվականի դեկտեմբերին նա զբաղեցնում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի պաշտոնը, որում ընտրվել էր նույն թվականի սեպտեմբերին: Ի դեպ, ինչպես 1991 թվականին գրում էր «Կոմերսանտ-Վլաստ» ամսագիրը, Հեյդար Ալիեւն ասել էր, որ միակ արտասահմանցի պաշտոնյան, ով շնորհավորել էր իրեն ընտրվելու կապակցությամբ, Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:

Հոր 99-ամյակի կապակցությամբ Իլհամ Ալիեւը մայիսի 10-ին նորից Շուշիում էր, որտեղից հանդես եկավ հատուկ ուղերձով: Նա, մասնավորապես, ասաց, որ 2003 թվականին ստանձնելով նախագահի պաշտոնը (այո, դժվար է հավատալ, բայց նա Ադրբեջանը ղեկավարում է արդեն 19 տարի), երդվել էր վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, եւ իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ չի դրժել երդումը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի մի քանի հանդիպում եմ լուսաբանել, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված ինչ-որ հիշողություններ կան: Բայց մի դրվագ, երեւի, կհիշեմ միշտ: Մինսկում ավարտվեց Քոչարյանի եւ Ալիեւի եթե ոչ վերջին, ապա վերջին հանդիպումերից մեկը: Քոչարյանը միշտ հարգալից էր խոսում Ալիեւի մասին, ուստի այն, ինչ տեղի ունեցավ նրանց հրաժեշտից հետո, ինձ համար շատ զարմանալի էր: Նախագահը մոտեցավ մեզ, մի քանի լրագրողներիս, եւ ասաց.

- Շատ է մեծացել, չէ՞:

Ասացինք, որ այո, իսկապես:

- Մի անեկդոտ կա էդ թեմայով, պատմե՞մ:

Եվ պատմեց:

- Մի տարեց մարդ գալիս է բժշկի մոտ, ասում է, որ միզելու հետ խնդիրներ ունի: Բժիշկը հարցնում է՝ քանի տարեկա՞ն եք: Ասում է, որ 85: Բժիշկն էլ պատասխանում է.

- Ну что Вы хотите, голубчик мой, моча кончилась.

Պատմեց ու գնաց, մենք էլ մնացինք մի քիչ շփոթված:

Արա Թադեւոսյան

FacebookYouTubeWebsiteInstagramTwitter
 

Մեդիամաքսի հասցեն

0010, Երեւան, Հայաստան

Աբովյան 8, 2-րդ հարկ

Հեռ. (+37410) 54-54-31

Հեռ/ֆաքս. (+37410) 54-54-37

էլ. փոստ. news@mediamax.am

Մեդիամաքսի տնօրենի նամակ սյունակներին կարելի է բաժանորդագրվել այստեղ։